Հայաստան
22:30 30/06/2020

ԵԱՀԿ ՄԽ անդրադարձը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ տեսակոնֆերանսին: Համանախագահներն ընդգծել են խաղաղությանը և սուբստանտիվ բանակցություններ հաստատելուն ուղղված մթնոլորտի ձևավորման և պահպանման կարևորությունը:

Համանախագահները դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման առկա ուղիղ կապերը, որպեսզի խուսափեն էսկալացիայից: Սրան զուգահեռ նրանք, հիմնվելով 2019թ. մարտի 29-ի իրենց հայտարարության վրա, մտահոգությամբ նշել են, որ վերջին սադրիչ հայտարարությունները, ռազմատենչ հռետորաբանությունը կարող են խաթարել բանակցային գործընթացը: Համանախագահները հերթական անգամ շեշտել են, որ Արցախի հակամարտությունը ռազմական լուծում չունի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել հավելյալ քայլեր ձեռնարկել՝ հրադադարի ռեժիմն ամրապնդելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար: Համանախագահներն ընդգծել են նաև որքան հնարավոր է շուտ մշտադիտարկումը վերսկսելու անհրաժեշտությունը: Ըստ տեղեկության՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել հուլիսին անցկացնել ևս մեկ տեսակոնֆերանս , քննարկվել է նաև առերես հանդիպելու հնարավորությունը՝ կախված համավարակային իրավիճակի զարգացումներից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ