fbpx
Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Facebook-ի էջում հրապարակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մամուլի հաղորդագրությունը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հրապարակել են հետևյալ հայտարարությունը․

Հոկտեմբերի 30-ին Ժնեւում համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի եւ ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Համանախագահները կրկին կողմերին կոչ են արել ամբողջությամբ կատարել Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն ստանձնած եւ հոկտեմբերի 17-ին Փարիզի հետ եւ հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում վերահաստատված պարտավորությունները՝ ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը:

Հրադադարի կամ այլ պարտավորությունների իրականացմանը զուգահեռ ու առանց դրանց վնասելու կողմերը պայմանավորվել են հրատապ կարգով ձեռնարկել մի շարք քայլեր, այդ թվում․

-միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն դիտավորությամբ չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները,

-ակտիվորեն մասնակցել ռազմի դաշտում աճյունների նախապատրաստման եւ փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ,

-մեկ շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ-ին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրել ռազմագերիների ցուցակը՝ հասանելիության ապահովման և հետագա փոխանակման նպատակներով,

-հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան գրավոր ներկայացնել հրադադարի ստուգահավաստման հնարավոր մեխանիզմների հետ կապված մեկնաբանություններ եւ հարցեր:

Հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակում են ունեցել՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը։
Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատել կողմերի հետ՝ գտնելու հակամարտության խաղաղ կարգավորման ուղի»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/usembarmenia/posts/10158866197922673

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ