Տնտեսություն

ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանումը մեծացել է 2 անգամ

ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանումը մեծացել է 2 անգամ, իսկ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 1 միլիարդ 97 միլիոն դոլարի: Այս մասին հունիսի 1-ին Ծաղկաձորում «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» բիզնես համաժողովի շրջանակում հայտարարել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

Նրա խոսքով՝ դա կապված է մաքսային գործընթացների հեշտացման հետ:

«2018 թվականին ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը կազմել է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 27%-ը (կամ մոտ 2 մլրդ դոլար): Ընդ որում, 96%-ը՝ Հայաստան-Ռուսաստան երկկողմ առևտրաշրջանառության արդյունքում»,- նշել է Բաբկոն:

Նա հավելել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը ինչպես ԵԱՏՄ տարածքում, այնպես էլ միջազգային շուկայում:

«2018 թվականին Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 53%՝ Հայաստան ուղիղ ներդրումների մաքուր հոսքի ողջ ծավալից: Հայաստանի իրական տնտեսական ոլորտ Ռուսաստանի ուղիղ ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 124 մլն դոլար: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 26%-ը ստացվում է Ռուսաստանից»,- ընդգծել է առևտրային ներկայացուցիչը:

Նշենք, որ մայիսի 31-ից հունիսի 3-ը Ծաղկաձորում անցկացվում է «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» 5-րդ բիզնես համաժողովը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ