Ազգային ժողովի պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին դատարանում հայտարարեց Բաբայանը` նշելով, որ ինքը չի եղել այն դահլիճում, որտեղ, ըստ գործի նյութերի, ծեծել են գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովին:
Գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովն էլ հայտարարեց, որ ինքն իրեն տուժող չի համարում։
Նշենք, որ Բաբայանն ու վերջինիս պաշտպանները չառարկեցին տեսանկարահանման դեմ, սակայն գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովն ու նրա ներկայացուցիչն առարկեցին: Դատարանը տեսանկարահանումը թույլատրեց միայն 5 րոպեով:
Դատարանում այսօր հարցաքննվում են գործով վկաները:
Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրվում է «Օլիմպավան» մարզական համալիրում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Գործի քննության սկզբնական փուլում նա գտնվում էր կալանքի տակ, սակայն 2018 թվականի օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

