Էջմիածնի Մայր տաճարում 6 տարի ընթացքող վերանորոգման աշխատանքների արդյունքում ակնհայտ փոփոխություններ են եղել։
Մինչ այդ էլ (6 տարի) հետազոտական-ուսումնասիրական բազմաբնույթ և նախագծային փուլն է եղել:
Այս մասին Մայր Տաճարում լրագրողների հետ զրույցում ասել է ճարտարապետ Ամիրան Բադիշյանը՝ նշելով, որ սկսած հիմնատակերից, վերջացրած Մայր եկեղեցու խաչով, իրականացվել են ամրակայման բազմաբնույթ աշխատանքներ:
«Խաչի մասով շահարկումներ եղան: Պետք է ասեմ՝ Մայր Տաճարի խաչը, որը տեղադրվել էր 17-րդ դարում, համապատասխան արձանագրություն գոյություն ուներ իր վրա, իրականացված էր լատունի բարակ թիթեղներից և գտնվում էր խիստ քայքայված, կարելի է ասել՝ գոյությունը չպաշտպանող վիճակում»,- նշել է ճարտարապետը՝ հավելելով, որ թանգարանու այժմ խաչը ցուցադրվում է այնպես, ինչպես ապամոնտաժվել է, առանց որևէ միջամտության:
Խաչի աշխատանքներն արդեն ավարտվել են, նոր բրոնզաձույլ խաչը ոճական և չափային առումով կրկնում է ապամոնտաժածը: