Տարածաշրջանում լարվածության թուլացման հնարավորությունները նվազել են, և եկել է պահը, որ Իրանն օգնի հաղթահարել ճգնաժամը։ Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ։
Մակրոնի և Ռոհանիի զրույցը տևել է ավելի քան 1,5 ժամ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները Իրանին մեղադրեցին Սաուդյան Արաբիայի նավթագործարանների վրա հարձակման մեջ։
«Նախագահն ասաց, որ ստեղծված իրավիճակում լիցքաթափման ուղիները նվազել են, բայց դարձել ավելի անհրաժեշտ, քան երբևէ, և եկել է ժամանակը, որ Իրանը կանգնի այդ ճանապարհին»,- ասվում է Մակրոնի գրասենյակի հայտարարությունում։
Մակրոնը և Ռոհանին չեն պատասխանել լրագրողների հարցերին հանդիպումից հետո։
ՄԱԿ-ում Իրանի առաքելության մամուլի քարտուղար Ալիռեզա Միրիուսֆին թվիթերյան իր էջում գրել է, որ կողմերը քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի պահպանման ուղիները, երկկողմ հարաբերությունները և նախագահ Ռոհանիի «Հույս» նոր նախաձեռնությունը։
Մակրոնը նախատեսում է բանակցություններ վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Իրանի հարցը քննարկելու համար։