ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Հովնանյանն այսօր ընդունել են հոլանդական Holland Trade Support և VDL Agrotech ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր քննարկել թռչնաբուծության ոլորտում հայ-հոլանդական համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը և հիմնական ներդրող Ռազմիկ Բլիկյանը:
Նախատեսվող ծրագրի հիմնական նպատակներն են ավելացնել Հայաստնում բրոյլերային արտադրանքի տարեկան ծավալները և ներդրվող ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող կենսաբանական անվտանգության բարձր մակարդակ:
Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել գենետիկական կենտրոն և ինկուբատորային կայան, ներմուծված բրոյլերային տոհմային ճտերի շնորհիվ ձևավորել բրոյլերային տեսակի հավերի սեփական մայրական կազմ, ինչը թույլ կտա ավելացնել տեղական բրոյլերային թռչնամսի արտադրության ծավալները և նվազեցնել թռչնամսի ներկրումը հանրապետություն:
Ներկայացնելով ծրագրի իրականացման ընթացքն ու ակնկալվող արդյունքերը`հոլանդացի գործարարներն ընդգծել են, որ ծրագիրն էապես կնպաստի տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և թռչնամսի ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինմանը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև դասընթացների կազմակերպում և խորհրդատվության տրամադրում:
Նախագիծն ավելի իրատեսական հիմքի վրա դնելու նպատակով առաջիկայում կկազմվի գործարար ծրագիր, որը կներկայացվի շահագրգիռ մարմիններին:
Փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանը և Արման Հովնանյանը պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագրի հաջող իրականացմանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից: