fbpx
Աշխարհ

ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի մասին Բաքուն հակասական հայտարարություններ է տարածում

Ադրբեջանի խորհրդարանի` Միլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը, երեքշաբթի օրը կայացած լիագումար նիստի ժամանակ դիմելով պատգամավորներին, հայտարարեց, թե Բրյուսելի և Բաքվի միջև պայմանագրի նախագիծն արդեն իսկ պատրաստ է և այն կքնվելու է հաջորդ ամիս` մայիսի 13-ին:

«Ադրբեջան-ԵՄ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը պատրաստ է: Դրանում արտացոլված է նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման փաստը», – հայտարարում էր Ասադովը:

Խորհրդարանի խոսնակի այս հայտարարության հաջորդ օրն արդեն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ստիպված էր հերքել Ասադովի հայտարարությունները` պնդելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

«Մայիսի 13-ին Եվրամիության և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում չի ակնկալվում: Բանակցությունները այն փաստաթղթի շուրջ, որ հանդիսանալու է ԵՄ և Ադրբեջանի հարաբերությունների իրավական հիմքը, դեռ շարունակվում են», – նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում էր, թե կողմերը մոտ են բանակցությունների ավարտին:

«Վերջերս մենք կարողացանք բանակցությունների առարկա հանդիսացող խնդիրների երեք խմբերի շուրջ համընթաց քննարկում կազմակերպել: Պայմանագրում առկա խնդիրների 90 տոկոսը համաձայնեցված է, և առաջընթացի հնարավորությունները բավական լավն են», – նշում էր Մամեդյարովը:

Եվրամիության ղեկավարությունը Եվրոպական հանձնաժողովին, ինչպես նաև այս կառույցի արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու մանդատը տրամադրեց 2016-ի նոյեմբերին: Նոր համաձայնագիրը պետք է փոխարինի 1996-ին կնքված երկկողմ փաստաթղթին:

Ադրբեջանական ընդդիմությունը, սակայն, եվրոպական կառույցներին խորհուրդ է տալիս չշտապել: Անցած շաբաթավերջին Բաքվում կայացած քննարկման ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները մտավախություն էին հայտնում, որ Բրյուսելը կարող է աչք փակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա՝ հանուն նոր համաձայնագրի կնքման:

«Ադրբեջանը ժամանակին անդամագրվեց Եվրոպայի խորհրդին և խավիարային դիվանագիտության միջոցով վարկաբեկեց եվրոպական գաղափարը: Մենք նման երկրորդ իմիտացիայի ականատեսը դառնալու ցանկություն չունենք», – հայտարարում էր Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին:

«Եվրամիությունը չպետք է սեպարատ համաձայնագիր կնքի` հանուն աշխարհքաղաքական և էներգետիկ շահերի զոհաբերելով ժողովրդավարությունը», – նշում էր մեկ այլ հայտնի ընդդիմադիր Փանահ Հուսեյնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ