fbpx
Հասարակություն

Հայաստանի հզորացումը որպես բարձրագույն արժեք. Արամ Ա կաթողիկոսի Սուրբ Ծննդյան պատգամը

His Holiness Aram I

Հայաստանի հզորացումը պետք է դառնա բարձրագույն արժեք, իսկ Լիբանանի և Սիրիայի հայ համայնքների վերականգնումը՝ համազգային առաջնահերթություն։ Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն իր Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների առիթով հղած ուղերձում։

Կաթողիկոսն իր ուղերձում նշել է, որ հայ ժողովուրդը ապրում է «տարբեր տագնապներով լեցուն ժամանակներում»։ Նա ընդգծել է. «Քաղաքական, տնտեսական, կլիմայական ու բազմաթիվ այլ տագնապների ու պատերազմների հետևանքները հուսահատության և անորոշության մթնոլորտ են ստեղծել ամենուրեք։ Նույն մթնոլորտում էլ ապրում է ամբողջ հայությունը»։

Արամ Ա-ն շեշտել է, որ Արցախի կորստի հետևանքով Հայաստանում ստեղծվել է «անորոշ իրավիճակ և հուսահատ մթնոլորտ»։ Նա նաև կարևորել է Մերձավոր Արևելքում սփյուռքահայության առջև ծառացած սպառնալիքները՝ նշելով, որ Սիրիայի և Լիբանանի հայ համայնքները շարունակում են ծանր ցնցումների ենթարկվել։

Հղում կատարելով Պողոս առաքյալի պատգամին՝ «Նեղությունը համբերություն է տալիս, համբերությունը՝ տոկունություն, տոկունությունը՝ հույս», Արամ Ա-ն ընդգծել է, որ հայ ժողովուրդը պետք է հեռու մնա զգացական մոտեցումներից և միավորի ազգային ուժերը։ «Հարկ է ազգային ուժերը համախմբել և ապագայի հանդեպ հավատով ու ամուր վճռակամությամբ պայքարել մեր հայրենիքին ու գոյությանը սպառնացող վտանգների դեմ»,- նշել է նա։

Կաթողիկոսը հավելել է, որ Հայաստանի հզորացմանը զուգահեռ՝ Լիբանանի և Սիրիայի հայ համայնքների վերականգնումը պետք է դիտարկվի որպես համազգային առաջնահերթություն։ «Այս համայնքները եղել են հայ մշակույթի և ինքնության կարևոր կենտրոններ, ուստի դրանց վերականգնումը կարևոր է ամբողջ հայության համար»,- շեշտել է նա։

Արամ Ա-ն ավարտել է իր ուղերձը հավատքի և հույսի կոչով՝ նշելով, որ հայ ժողովուրդը պատմության ամենադժվար ժամանակներում կարողացել է հաղթահարել մարտահրավերները։ Նրա խոսքով՝ այս դժվար ժամանակաշրջանում նույնպես անհրաժեշտ է համախմբված պայքարել հանուն ազգային անվտանգության, ինքնության և ապագայի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ