fbpx
ՏՏ

EPIC ինկուբատորի ստարտափները` RendChain, Creatr և Edwise

Հոկտեմբերի սկզբին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնում (EPIC) մեկնարկեց EPIC ստարտափ ինկուբատորի աքսելերացիոն երրորդ ծրագիրը: Հայտնում է itel.am-ը։

Ծրագրի շրջանակում 9 թիմերը մասնակցում են 12 շաբաթյա դասընթացների, որոնց ընթացքում զարգացնում են իրենց ստարտափ գաղափարները, կառուցում և հաստատում բիզնես մոդելները՝ օգտվելով ՀԱՀ էկոհամակարգի առավելություններից: Ծրագիրը ներառում է նաև մասնակցություն սեմինարների, ինչպես նաև խորհրդատվություն փորձառու ձեռներեցներից:

Itel.am-ն այս շարքում ներկայացնում է EPIC-ի աշնանային ծրագրի թիմերին:

Շարքի երկրորդ մասում կպատմենք RendChain, Creatr եւ Edwise ստարտափների մասին, որոնք նորարարական լուծումներ են առաջարկում գրաֆիկաներում ու ֆիլմերում՝ բլոկչեյնի և արհեստական բանականության միջոցով:

RendChain – ստարտափն օգնում է եռաչափ և շարժողական գրաֆիկաների, վիզուալ էֆեկտների, ֆիլմարտադրության, անիմացիաների ոլորտներում աշխատող մասնագետներին:

Ստարտափի նպատակն է մեկ հարթակում հավաքել համակարգչի հաշվարկային ուժը և բարդ տեղեկատվական հաշվարկներ իրականացնող կազմակերպություններին թույլ տալ օգտվել աշխարհում առկա ողջ համակարգչային ներուժից:

RendChain-ը սպասարկում է երկու տեսակի հաճախորդների՝ Render Requestor-ներին, ովքեր իրենց նախագծերի համար ցանկանում են օգտվել ծառայություններից, և համակարգիչների օգտատերերի, ովքեր վարձակալությամբ պատրաստ են տրամադրել իրենց համակարգչի՝ չօգտագործվող հաշվարկային ուժը:

Creatr – ստարտափի թիմը մտադիր է ստեղծել հարթակ ֆիլմարտադրության ոլորտի համար, ինչը կօգնի լուծել ֆինանսական և մարդկային ռեսուրսների հետ կապված ոլորտի ամենատարածված խնդիրները:

Ստարտափում նշել են, որ Creatr-ը կապ է ստեղծում սցենարիստների, ռեժիսորների, դերասանների, օպերատորների և այլ մասնագետների միջև: Թիմը կազմելուց և նախագիծն ավարտին հասցնելուց հետո ստարտափը հնարավորություն կունենա կապ հաստատել ներդրողների և հովանավորների հետ՝ նախագիծն իրականացնելու համար:

Edwise – Յուրաքանչյուր ֆիլմ մոնտաժելու համար պահանջվում է միջինում 3-4 ամիս, որի 80%-ը ծախսվում է տեխնիկական մշակման, իսկ 20%-ը՝ ստեղծարար մշակման և որոշումներ կայացնելու վրա: Edwise ստարտափը ֆիլմարտադրողներին հնարավորություն է տալիս արհեստական բանականության միջոցով ավտոմատացնել առօրյա տեխնիկական աշխատանքները, օրինակ՝ հերթականության խմբագրումը, գունային ուղղումները և այլն:

Այս պահին թիմն իրականացնում է շուկայի հետազոտության աշխատանքներ և օգտագործում է տարբեր տեսանյութեր՝ ալգորիթմներ մշակելու համար: Edwise ստարտափի ստեղծումից առաջ, թիմի անդամներից մեկը դիմել է Հարվարդի Բիզնես դպրոցի Harvard Crossroads ամառային ծրագրին, իսկ թիմի մյուս անդամը մշակել է նախատիպերի տրամաբանության համակարգ, որի արդյունքները ներկայացրել է տարբեր համալսարաններում, այդ թվում՝ Ստոկհոլմի համալսարանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ