2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով «Երասխ-1» զորամասի շուրջ 60 միլիոն դրամ արժողությամբ առուվաճառքի պայմանագիրը։ Պայմանագիրը կնքվել էր 2009 թվականի հունվարի 13-ին Պաշտպանության նախարարության և Է.Ա.-ի միջև։ Վճռով անվավեր է ճանաչվել նաև Է.Ա.-ի անվամբ իրավունքի գրանցումը։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դատախազության ներկայացրած հայցը նպատակ ուներ պաշտպանել պետական շահերը և վերականգնել պետության գույքային իրավունքները։ Հայցում ընդգրկված էր Արարատի մարզի Արմաշ գյուղում գտնվող՝ «Երասխ-1» զորամասի շուրջ 2200 քմ մակերեսով զորանոցը, այլ շինությունները և 1.2 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը։
Ավելի վաղ, 2023 թվականի սեպտեմբերի 12-ին, Հակակոռուպցիոն դատարանը հաստատել էր դատախազության և կողմի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի արդյունքում պետությանն էր վերադարձվել «Երասխ-2» զորամասի 9000 քմ մակերեսով հողամասը և 993.7 քմ շինությունները։ Այդ գույքը 2024 թվականի հունվարի 4-ին ամրացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։