Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան իրավունք ունի «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած միջսահմանային գործողություններ ծավալել Սիրիայում ըստ համաձայնագրի, որը երկու երկրների միջև կնքվել է 1998 թվականին՝ Ադանա քաղաքում: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
«Ինչ վերաբերում է Սիրիայի օդային տարածքների օգտագործմանը, ապա այն չի պատկանում ԱՄՆ-ին: Այն միջազգային տարածություն է, դա սիրիական օդային տարածությունն է: Եվ քանի որ այն ԱՄՆ-ին չի պատկանում, ապա օգտագործման հարցը որոշվում է ռեժիմով: ԱՄՆ-ն Սիրիայում է ոչ ռեժիմի որոշմամբ, իսկ մենք ունենք համաձայնագիր, որն Անկարան ու Դամասկոսը կնքել են Ադանայում: Ըստ համաձայնագրի՝ եթե ռեժիմը միջոցներ չի ձեռնարկում քրդական աշխատավորական կուսակցության դեմ, ապա մեր զինված ուժերն իրավունք ունեն հետապնդել ահաբեկիչներին»,-ասել է Էրդողանը:
- Ղարամիշլիում բախումներ են քուրդ ջոկատների և թուրք զինվորականների միջև․ զոհեր կան
- Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում
- Թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա․ Մխիթար Հայրապետյան
Թուրքիայի նախագահը նաև մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները, ըստ որի եթե Անկարան չդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում, ապա Միացյալ Նահանգները կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը:
«Այդ բառերն ընկալում եմ որպես հայտարարություն, որոնք արվում են որոշակի շրջանակներում լարվածությունը կանխելու համար: Այն փաստը, որ ԱՄՆ-ն իր զինվորականներին հետ է կանչում, ցույց է տալիս ԱՄՆ-ի իրական մտադրությունը: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ հանդես չի գա»,- ասել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ նոյեմբերի 13-ին, ամեն դեպքում, Վաշինգտոնում կկայանան իր և Թրամփի բանակցությունները: