Անկարան հանդես է գալիս Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի համատեղ քայլերի օգտին, երբ խոսքը վերաբերում է Սիրիայում ցամաքային նոր հակաահաբեկչական գործողություն անցկացնելու Թուրքիայի ծրագրերին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Դրա համար անհրաժեշտ է կազմակերպել այդ երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, այնուհետև պաշտպանության նախարարների հանդիպումներ։ Այդ քննարկումների արդյունքներով կարելի է խոսել ղեկավարների հանդիպման մասին: Ես պարոն Պուտինին առաջարկել եմ դա, և նա դրականորեն է ընդունել այդ նախաձեռնությունը: Դա մի շարք բանակցությունների սկիզբ կդնի», – ասել է Էրդողանը: Էրդողանը նաև ուշադրություն է հրավիրել Սիրիայի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի քայլերի համակարգման վրա: Նա նշել է, որ ,Մոսկվայի հետ քայլերի համակարգումը նոր երևույթ չէ:
Իր հերթին, Интерфакс գործակալությունը հաղորդում է, որ մեկնաբանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու Եվրամիության կոչը՝ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը «երկխոսության մասնակից չէ» և «չի կարող վերահսկել Մոսկվայի հետ հարաբերությունները»: Նոյեմբերին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները կարող են սկսել բարելավվել այնպես, ինչպես դա տեղի է ունենում Անկարայի և Կահիրեի միջև:

