«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած և կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակել:
Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ:
Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելով, որ դրանից հետո Թորոսյանը տեղափոխվել է Նուբարաշենում գտնվող հոգեբուժական հիմնարկ՝ ստացիոնար փորձաքննությունն այնտեղ անցկացնելու:
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» և կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա վնասազերծվել:
Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գույքի դիտավորյալ վնասումը, որը կատարվել է վտանգավոր եղանակով), և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով (պատանդ վերցնելը, որը կատարվել է զենքի գործադրմամբ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը շաբաթներ առաջ մեր զրույցում նշել էր, որ Թորոսյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, և պայմանավորված հարցաքննության ժամանակ տված ոչ տրամաբանական պատասխաններով (նա նշել էր, թե Արթուր Թորոսյանը ցանկացել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, և պարզել, թե իրեն ինչու են ծրագրավորել), դատահոգեբուժական փորձաքննության անհրաժեշտություն է եղել:
Առավել մանրամասն՝ Armtimes.com
