Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցի ընթացքում պատմել է ռուս-հայկական հարաբերությունների զարգացման, Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Երևանի դիրքորոշման, ինչպես նաև այն մասին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններին:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ, Այվազյանն ասել է.
«Մենք երբեք չենք հրաժարվում հանդիպումներից: Այնուամենայնիվ, ցանկացած հանդիպում, եթե այն կազմակերպված չէ միայն դրա անցկացման նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափանիշների: Մենք առաջին հերթին խոսում ենք համապատասխան մթնոլորտ ստեղծելու, որոշակի օրակարգի ձևավորման մասին, և, ինչը ոչ պակաս կարևոր է՝ այն պետք է տեղի ունենա, եթե մյուս կողմը բանակցելու ունակություն ունի»,- նշել է Այվազյանը։
Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչմանն՝ Այվազյանը նշել է, որ Երևանը շարունակում է հավատարիմ մնալ բանակցային գործընթացին:
«Այսօր մեր օրակարգում է խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնումը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգությունն ու կայունությունը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

