ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պատասխանին՝ ուղղված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:
«Պաշտոնական Երևանը հրապարակային «բողոքի նոտա է» հղում ՀԱՊԿ-ին՝ կառույցի որդեգրած ոչ համարժեք կեցվածքի համար։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ քարտուղարի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության որոշ ձևակերպումների և գնահատականների վերաբերյալ: Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանի որ արդեն տևական ժամանակ է Ադրբեջանի զինվորականները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար»:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրացումը՝ կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, սահմանային միջադեպ է և չի առնչվում ՀԱՊԿ-ի հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթների հետ: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ն օգտագործում է իր ներուժը միայն ագրեսիայի, հարձակման դեպքում՝ անդամ երկրներից մեկի վրա։ Այստեղ մենք գործ ունենք սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո՝ զոհեր այնտեղ չկան, կրակոցներ ևս չկան։ Դա սահմանային միջադեպ է, որը պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,- հայտարարել էր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։