fbpx
Մշակույթ

Երևանում կտեղադրվի 20-րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանի արձանը

Երևան քաղաքի Մոսկովյան, 3 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարածքում, կտեղադրվի 20-րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանի արձանը:

Աայս մասին որոշումը Երևանի ավագանու անդամները կայացրին հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ: Նախագծին «կողմ» քվեարկեց ավագանու 33 անդամ, «դեմ»՝ մեկը, երկու անդամ «ձեռնպահ» մնաց:

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանը տեղադրելու մասին միջնորդությունը ներկայացրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Նիստին խոսելով Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի մասին, որը պետք է հիմնանորոգվեր՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ այն հիմնանորոգել հնարավոր չէ, քանի որ շենքը վթարային է: «Պարոն Ազարյանի հետ նոր դպրոցի համար տարածք ենք փնտրել և գտել ենք: Այն հետաքրքիր սպորտային միջավայր ունի: Խոսքը Ծիծեռնակաբերդի խճուղուն հարակից տարածքի մասին է: Պարզեցինք, որ այնտեղ կա համայնքային հող, այժմ հստակեցվում են սահմանները»,-պատմեց Մարությանը:

Մարզադպրոցի համար ընտրված տարածքն առանձնահատուկ է, որովհետև կան հուշարձանային շենքեր: Որակյալ շինություն ստանալու համար քաղաքապետարանը նախ հայեցակարգերի մրցույթ կհայտարարի, որոնց հիման վրա պատրաստելով նաև տեխնիկական առաջադրանքը՝ արդեն կկարողանան նախագիծը մրցույթի դնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ