Երևանի ավագանին այսօրվա նիստում քննարկել է նաև Երևանի քաղաքապետի` 2019 թվականի փետրվարի 7-ի N259-Ա որոշումը և «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» հարցը:
Նախագծում նշված է, որ Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում էական փոփոխություններ չեն նախատեսվում։
Կազմակերպությունը ստեղծվում է առանց ժամկետային սահմանափակման։ Գործունեության առարկան Երևան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման և նրանց թվաքանակի կանոնակարգման համալիր ծրագրի մշակումն ու իրականացումն է: Նշված է նաև, որ կառավարումն իրականացնում են հիմնադիրը, քաղաքապետը և կազմակերպության գործադիր մարմինը՝ տնօրենը: Քաղաքապետը, կազմակերպության գործադիր մարմինը, նրա տեղակալները կազմակերպության անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամիտ՝ ի շահ իրենց կողմից ներկայացվող կազմակերպության։
«Թափառող կենդանիների առկայությունը բարդ խնդիր է նաև Հայաստանի համար: Թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի, էգերի քանակը 6000 է: 2016-2018 թվականների ընթացքում շուրջ 5000 բողոքներ ենք ստացել», – իր ելույթի ժամանակ նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ԺՊ Խաչիկ Հակոբյանը՝ հավելելով, որ այս տարի 6000 էգերից 4500-ը կստերջացվեն, այսինքն` 75 տոկոսը:
Հակոբյանը հիշեցրել է, որ խնդիրը լուծելու երեք տարբերակ է սովորաբար մատնանշվում՝ ՝ ոչնչացնել շներին, սննդի աղբյուր հանդիսացող աղբավայրերը վերացնել, որսալ, ամլացնել, դարձնել ոչ ագրեսիվ, վերադարձնել: Ծրագրով առաջարկվում է կիրառության մեջ դնել, այսպես ասած, ամենամարդասիրական տարբերակը: Կազմակերպությունը գործելու է Երևանի քաղաքում՝ Թեյշեբանի փողոցում:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ ծախսերի մասին է խոսքը:
«Քանի որ նախկինում իրականացված աշխատանքների արդյունավետությունը վիճահարույց է, մենք այլ սկզբունքով ենք առաջ գնում՝ գործառույթներն իրականացնել ինքնարժեքով», – պատասխանել է Հակոբյանը՝ չնշելով որևէ թիվ:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե թիրախային առումով խնդիրը ե՞րբ լուծում կստանա.
«Նախնական թիրախավորված ժամկետը 6-8 տարին է», – պատասխանել է Հակոբյանը՝ հավելելով, որ երբ նմանատիպ ծրագրեր իրականացվեն նաև հարևան համայնքներում, խնդիրը շատ ավելի արագ լուծում կստանա:
Երևանում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային, ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու առաջարկին ավագանին կողմ է քվեարկել:
