ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ հրապարակված տեքստում նշվում է, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ ստեղծելով նոր հնարավորություններ երկու երկրների միջև առավել ամուր գործընկերության ու համագործակցության համար։
«Առաջին անգամ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են ավելի քան հարյուր տարի առաջ։ Մեր երկրների միջև յուրահատուկ կապ կա, որն առանձնանում է փոխադարձ համակրանքով ու վստահությամբ։ 1991թ․-ին հռչակված Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրները սերտորեն աշխատել են՝ ձևավորելու հիմքեր տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության համար, այդ թվում՝ տարածաշրջանյին և գլոբալ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման և խաղաղապահության ուղղություններով։
Վերջին մի քանի տարիներին Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ ստեղծելով նոր հնարավորություններ մեր երկու երկրների միջև առավել ամուր գործընկերության ու համագործակցության համար։ Մեր քաղաքական հարաբերություններն այժմ ընթանում են ռազմավարական երկխոսության մակարդակում, որի շրջանակում անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ 2019թ․ մայիսին Երևանում։
Մենք արժևորում ենք մեր նորացված երկխոսության ներառական բնույթը, որը թույլ է տալիս քննարկել ու ընդլայնել մեր ընթացիկ ընդհանուր օրակարգը։ Մենք բարձր ենք գնահատում տարեկան կտրվածքով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը երկկողմ ձևաչափում, այդ թվում՝ վերջերս տրամադրված 5,4 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթը համավարակի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունների շրջանակում»,- ասված է Մնացականյանի խոսքում։
https://www.facebook.com/MFA.Armenia/videos/663314530886546/?v=663314530886546