fbpx
Քաղաքականություն

Ես միայն ուրախ եմ, որ իշխանության այլընտրանք փորձում է դառնալ Ռոբերտ Քոչարյանը. Ալեն Սիմոնյան

«Մայիսի 9-ը նաև հպարտության օր է: Սա մեր հաղթանակների ամիսն է, հաղթանակների օրերն են, և ինչպես ապրիլը վերածեցինք հաղթանակի ամսի, այդպես էլ ամեն ամիս, ամեն օր վերածելու ենք հայ ժողովրդի, հայ մարդու տեսակի հաղթանակի օրվա»,- մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

Լրագրողները նաև մի շարք այլ հարցեր ուղղեցին Ալեն Սիմոնյանին, որոնցից մեկը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդիմությանը միանալու հայտարարությանը՝ ինչին արձագանքելով ԱԺ փոխնախագահն ասաց. «Որպես իշխանության ներկայացուցիչ, ես միայն ուրախ եմ, որ իշխանության այլընտրանք փորձում է դառնալ Ռոբերտ Քոչարյանը, որովհետև շատ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը, ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել, ոչ մի արարք չի մոռացվել և բոլորս ապրել, տեսել ենք մարտի 1-եր և մնացած այն ամենը, ինչը սև էջերով է մնացել հայոց պատմության մեջ»:

Լրագրողները հարցրեցին նաև Ալեն Սիմոնյանի կարծիքը մայիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո ընդդիմախոսների թերահավատության ու քննադատությունների մասին: Ալեն Սիմոնյանը կրկնեց վարչապետի խոսքերը՝ ասելով, որ հայ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, հայ ժողովուրդը պահանջատեր է և, որ ինքը վստահ է, որ հետագայում նույնպես պահանջատեր է լինելու, իսկ ընդդիմադիրներ միշտ էլ լինելու են:

«Չէր կարող չէ՞, որ չլինեին քննադատողներ, բայց դուք էլ լավ գիտեք, որ այդ ընդդիմության մի մասը նախկին ռեժիմի ներկայացուցիչներ են, մյուս մասը ֆինանսավորվում է այդ տեսակի ընդդիմություն լինելու համար: Մենք էլ ենք ընդդիմություն եղել, բայց մեզ դրա համար չեն վճարել, մենք դա արել ենք ազնիվ, անկեղծ, երևի դրա համար էլ հաջողության ենք հասել», – ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ