Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը, որի անունը դիտարկվում էր Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում, միացել է բողոքի ակցիային: Նա ևս սատարում է Կոնստանտին Օրբելյանին։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:
«Իմ անունը շրջանառվեց, որովհետև նոյեմբերին առաջարկ եղել էր արտիստների կողմից այլ թատրոնի համար, պետական որևէ առաջարկ չի եղել, ես ասել եմ, որ Օրբելյանի հետ պետք է խոսել, հասկանալ, մաեստրո Օրբելյանը մեծ արտիստ է, ու ինքը պետք է լինի»:
Նա կարծում է, որ շատ հարցեր կան, որոնք պետք է քննարկել: «Ես երեկ հայտարարություն եմ արել, որ ճիշտ վերաբերմունք չի եղել, գրագետ չեն խոսել մաեստրո Օրբելյանի հետ»,-ասել է նա:
Նա ընդգծել է, որ Նազենի Ղարիբյանից առաջարկ չի ստացել, իսկ բողոքի ակցիային միանալուց չի խուսափում, ասում է.
«Ես արտիստների հետ մտերիմ հարաբերությունների մեջ եմ, դրա համար չեմ վախենում գալ այստեղ, հետին մտքեր չկան: Ես պաշտպանում եմ Օրբելյանին, որովհետև սխալ վերաբերմունք կա միջազգային արտիստի նկատմամբ, պետք է ուղղվի այդ սխալը»:
Նշենք, որ Արմեն Սարգսյանը երեկ հերքել էր իր՝ թատրոնի տնօրեն նշանակվելու մասին լոիրերը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից մշակույթի մի շարք գործիչներ բողոքի ցույց են անում կառավարության դիմաց՝ պահանջելով չհեռացնել Կոնստանտին Օրբելյանին Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից և վերջ տալ մշակույթի նախարարության կամայականություններին։