fbpx
Հասարակություն

«Այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը»,- Լևոն Մնացականյան

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով այսօր ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, դիմել է զինակիցներին։ Խոսքը հրապարակել է Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը։

«Հարգելի զինակիցներ,

այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Անչափ հպարտ եմ, որ ծառայել և հարկ եղած դեպքում պատրաստակամ եմ լինելու կրկին իմ ծառայությունը բերել այն բանակի շարքերում, որն իր մարտունակությամբ եղել է, կա և շարունակելու է մնալ մեր ժողովրդի պաշտպանության և անվտանգության գլխավոր երաշխավորը:

Ուզում եմ նաև հավաստիացնել, որ իմ համար մեծ պատիվ էր տարիներ շարունակ զինակցել բոլոր այն շարքայիններին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և գեներալներին, ովքեր իրենց բարեխիղճ ծառայությամբ օրեցօր ամրապնդել ու հզորացրել են մեր պաշտպանական համակարգը: Լիահույս եմ, որ այսուհետ ևս ձեր յուրաքանչյուրիդ մոտ իշխելու է մեր երկիրն առավել պաշտպանված ու անվտանգ պահելու անկոտրում կամքն ու վճռականությունը:

Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող և, որ շատ կարևոր է՝ հայրենյաց պաշտպանի առաքելությանը հավատարիմ:

Շնորհակալություն բոլորիդ համատեղ ծառայության համար:
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան»։

Հիշեցնենք, որ Արցախի Նախագահի հաստատած կառավարության որոշմամբ` Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ