ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 19-ի մամուլի ասուլիսի ժամանակ հարց հնչեց. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հնարավո՞ր է համախմբի նաև երրորդ նախագահին:
«Ես ձեզ ասեմ, որ որևէ բարդություն և խնդիր չեմ տեսնում, եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն, և´ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան հարցնելու, և´ Ռոբերտ Քոչարյանին, և´ Լևոն Տեր-Պետրոսյանին, Էդվարդ Նալբանդյանին, որևէ մեկին, դրա համար որևէ բարդություն չկա, այսինքն՝ ընդհանրապես իմանալը, տեղեկանալը, սովորելը ես համարում եմ ամենակարևոր հատկանիշները:
Մինչև հիմա, անկեղծ ասած, դրա անհրաժեշտությունը չի ծագել: Ես ասացի, որ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպում ենք խնդրել, հրավիրել ենք, նա մեզ ներկայացրել է բանակցային գործընթացը, եթե հենց այդ քննարկման արդյունքում անհրաժեշտություն ծագի, որ պետք է Սերժ Սարգսյանին բան հարցնել, կհարցնեինք, վաղը կարող է ծագի անհրաժեշտություն Քիվեսթի հետ կապված բան հարցնելու, Ռոբերտ Քոչարյանից կհարցնեմ, Լիսաբոնի կամ Բուդապեշտի մասին, եթե անհրաժեշտություն լինի, Լևոն Տեր-Պետրոսյանին կհարցնեմ: Կարող է ծագի անհրաժեշտություն բոլորին հավաքել, հարցնել, դրան էլ կգնամ, ոչ մի բարդություն չկա: Ես, իհարկե, չգիտեմ` նրանցից ով կցանկանա իմ հարցին պատասխանել, բայց ես կհարցնեմ», – ասաց վարչապետը, և հավելեց, որ և՛ հարցնելը, և՛ չհարցնելը ինքնանպատակ չեն: