Ի դեպ․ Եթե էս ամբողջ բոլոլայից մի իրապես առողջ քաղաքական գործիչ ծնվի, դա էլ կարելի է լուրջ ձեռքբերում համարել

Հրապարակող՝

,

suren sahakyan

Ամենադիտվածներ

Հայաստանի քաղաքական գործընթացների և մանրախնդիր դերակատարների մասին Սուրեն Սահակյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար իր թեկնածության քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն ասել էր, թե կառավարման համար բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր չի։ Ու ընտրվել էր ՔՊ կողմից։ Օրերս նա հրաժարական ներկայացրեց զբաղեցրած պաշտոնից, ավելին՝ հայտարարեց, որ մյուս գումարման խորհրդարանում պատգամավորության հայտ էլ չի ներկայացնի (մեծագույն շնորհակալություն)։ Պատճառը մանկան արցունքի պես պարզ էր՝ «գրական հայերենով» ասած, քաղաքական ինչ-որ տհաճ բան էր «բլթցրել»։ Սա, իհարկե մեղմ ա ասված, որովհետև նրա արտահայտած կամայական 3 մտքից երկուսը «բլթոց» էր։ Բայց գրառմանս նպատակը Հռիփսիմեի անփառունակ ճակատագիրը ներկայացնելը չի։

Այո, ես էլ եմ կարծում, որ բարձրագույն ուսումնական հաստատություն 6-20 տարի այցելելը դեռ լավ կառավարիչ լինելու երկաթբետոնյա երաշխիք չի։ Չնայած, որ այլ հավասար պայմաններում միջին վիճակագրական այցելածը ակնհայտ առավելություններ կունենա չայցելածից, առանց էդ համակարգային գիտելիքի էլ ստացվում են լավ կառավարիչներ։ Բայց իրադրությունը կտրուկ փոխվում ա, երբ հարցը քաղաքականությանն ա վերաբերում։ Իսկ էստեղ ունենք մի երևույթ, որը լուրջ հետազոտության/քննարկման կարիք ունի։

Քաղաքականությունը երբեմն, նույնիսկ ավելի հաճախ ոչ թե նրա մասին ա, ինչ կարելի և պետք ա անել/ասել, ինչքան նրա մասին, ինչ չի կարելի և պետք չի անել/ասել։ Իսկ դա իմանալու համար երբեմն ստացած նույնիսկ պրոֆիլային բարձրագույն կրթությունը բավարար չէ, դրա համար փորձառություն ա պետք։ Շուտով 15 տարի կլինի, ինչ ես այս կամ այն չափով մասնակցում եմ քաղաքական գործընթացների, որոնք երբեմն էլ վճռորոշ են եղել մեր երկրի ապագայի համար, բայց ես կզարմանամ, եթե մեկը ինձ հիշեցնի, թե որևէ տեղ ասել եմ․ «ես քաղաքականությամբ եմ զբաղվում»։ Էդ ողջ ընթացքում, հիմա էլ, ես իմ իմացածն ու փորձն էլ եմ կասկածի տակ դնում, դրան մշտապես քննադատաբար մոտենում։ Դրա փոխարեն հիմա պետական համակարգում, այդ թվում՝ ԱԺ-ում կան պատահական հայտնված մարդիկ, որոնց համոզմունքը, թե իրենք քաղաքական գործիչներ են և քաղաքականությամբ են զբաղվում, ապշեցնում ա։ Զավեշտի հասնող դեպք կար, երբ 2018-ից հետո մի աղջնակ ռադիոյի հարցին, թե ինքը ոնց հայտնվեց «քաղաքականության մեջ» պատմում էր, թե մինչև 2018-ի իրադարձությունները ապաքաղական էր և չէր հետաքրքրվում նման բաներով, իսկ էդ դեպքերի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկի կադրի մեջ է հայտնվել, ինչից հետո ինչքան հարազատ ու բարեկամ կա, զանգել են ու հորդորել տուն գնալ, իսկ ինքը հերոսաբար տուն ՉԻ ԳՆԱՑԵԼ և տենց հայտնվել ա «քաղաքականության մեջ»։ Պատմելու պահին էդ աղջիկը ԱԺ պատգամավոր էր ՔՊ կուսակցությունից։ Բայց էդ աղետը, ցավոք, ՔՊ-ով չի սահմանափակվում։

Ներկայումս մի վագոնուկես անհատներ կան, որոնք անգրագիտության ու, միաժամանակ, ինքնավստահության էդ պատգամավորական շքերթը նայելով, վստահ են՝ իրենք ավելի լավ կարող են։ Չէ՞ որ իրենք տեսնում են էդ ապուշությունները և դրանք ողջամիտ խոսքից զանազանելու ունակություն ունեն։ Էն, որ իրենք քաղաքական մի պրոցեսի չեն մասնակցել, մի լարված հարցազրույցի ու դեբատի չեն մասնակցել, դա՝ հեչ։ Էն, որ սոցիալիզմն ու կապիտալիզմը իրարից տարբերակելու գիտելիք չկա՝ հեչ։ Փոխարենը կա Կիլիմանջարոյի չափ էգո, Ջոմոլունգմայի չափ ամբիցիաներ, մրցակիցներին հայհոյելու հարուստ բառապաշար, իսկ մնացածը, երևի, ձեռի հետ կարելի ա սովորել։ Հռիփսիմե Հունանյանն էլ, 2018-ին երևի իրեն նոր ժամանակների Մարգարեթ Թետչեր էր պատկերացնում, իսկ վերը հիշատակված աղջնակը՝ Ինդիրա Գանդիի վերակերպարանավորումը։ Մինչդեռ էդ ամենն անխուսափելիորեն ավարտվում ա հռիփիմեհունանյանական ձևով։ Վերջին 15 տարում նման տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դեպքեր են աչքիս առաջով անցել, հիմա մեծ մասը արտասահմանի տաք տեղերից են «դասեր տալիս» մեզ՝ տեղում մնացածներիս։ ՈՒ հիմա էլ՝ ընտրությունների նախաշեմին, նման անհիմն «համոզվածների» մի ամբողջ աստղաբույլ ա ծագում։

Կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Նիկոլը վաղուց 2016-18 թվականների Սերժի դիրքում հայտնված կլիներ, եթե պայմանական «նախկինները» ընդդիմադիր լինելու փորձառություն ունենային, իսկ նորընծա ընդդիմադիրները՝ կաղապարված մտածելակերպ չունենային կամ գոնե սովորելու ձիրք, լսելու և հասկանալու ունակություն։ Նիկոլը ոչ մի բանով նորընծաներից առավել չի, բացի քաղաքական փորձառությունը։ Ի դեպ, ՔՊ-ում թերևս դրա համար էլ գոնե նրա չափ էդ փորձառությունից ունեցող չկա, դրա համար էլ անփոխարինելի լիդերն ա ու կմնա այդպիսին, որովհետև չի հանդուրժի նման մեկին։ Իսկ ընդդիմադիր դաշտում դա մերժվում ա՝ հետևաբար, պայքարը դատապարտվում պարտության։

Իսկ Հայաստանի քաղաքականությանը մշտապես հետևողների համար 2026-ը դեժավյու ա՝ բոլորը ամեն ինչ գիտեն, յուրաքանչյուրի գրպանում քվեների 10-30 տոկոսը դրած, ԱՌԱ՛Ջ ԴԵՊԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ կարգախոսը վեհ ճակատներին խփած, ինչպես միշտ։ Հետևանքը՝ մեղադրանք բոլորին, բացի իրենցից, 80 տոկոսը հիասթափված կգնան զբաղվելու իրենց գործերով, և եթե էս ամբողջ բոլոլայից մի իրապես առողջ քաղաքական գործիչ կծնվի, կմնա, էդ էլ կարելի ա լուրջ ձեռքբերում համարել։ Էլի՝ ինչպես միշտ։

Ամենաթարմ