Իմ անձի հետ կապված՝ ես վախենալու որևէ բան չունեմ։ Այս մասին այսօր Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո պատասխանելով շրջանավարտներից մեկի այն հարցին, որ օրեցօր ավելանում են քաղաքական հետապնդումները, ապօրինի ձերբակալություները, արդյո՞ք ՀՀ երրորդ նախագահը չի վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի, ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ ինքը իրոք վախեցել է 1988 թվականից հետո, վախեցել է կորցնել հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը շատ մեծ և իրական վտանգ կբերեր հայրենիքի մնացած և վերջին մասին համար։
«Բայց տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին, նայելով վախի աչքերի մեջ, մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը, պատերազմի՝ Ձեզ հայտնի արդյունքներով։
Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում․ ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից։ Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ, եթե ինձ ձերբակալելով՝ մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով՝ Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվեն ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»,-ասաց նա։
Սերժ Սարգսյանը ասաց, որ իր կարծիքով վախկոտ են այն մարդիկ, որոնք ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները:
«Ես որոշում փոխող չեմ և երբեք չեմ փոխել իմ որոշումը։ Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքը Հայաստան այնքան մեծանա, որ մենք դրանով ուղղակի կհպարտանանք, թող ձերբակալեն։ Ավելին չեմ ուզում ասել, որովհետև ինչպես խոստացել եմ, ուզում եմ պարզ ու անկեղծ զրույց ունենալ քաղաքացիների համար, իսկ դրա ժամկետը մոտենում է»,-ասաց նա։