Եթե վիրուսը նահանջի, կարելի է հանրաքվեն չհետաձգել․ Հրաչյա Հակոբյան

Դեռ վաղ է խոսել հանրաքվեի հետաձգման մասին, որովհետև դեռ մեկ ամիս ժամանակ ունենք և չգիտենք, թե ինչ ընթացք կստանա կորոնավիրուսի տարածումը կամ նահանջը: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլի. խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Եթե վիրուսը նահանջի, եթե զգանք, որ ապրիլի սկզբին իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է, կարելի է հանրաքվեն չհետաձգել: Բայց եթե իրավիճակն ավելի սրվի, կարելի է դիտարկել այդ հետաձգման պրոցեսը»,-ասաց նա:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քննադատությանը, որ դեռ մեկ ամիս առաջ հայտնի էր, որ աշխարհում շրջում է այդ վիրուսը, սակայն հիմա պարզվում է, որ Հայաստանում դիմակների, ախտահանող միջոցների պակաս կա, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Չեմ ընդունում քննադատությունը, որովհետև ի՞նչ է նշանակում ոչ մի քայլ չձեռնարկեցինք: Բոլոր քայլերը ձեռնարկվել ենք, ուղղակի ինչպես տեսնում ենք, այդ չարաբաստիկ վիրուսը բոլոր տեղերը փորձում է թափանցել, ինչը եղավ նաև Հայաստանի դեպքում: Մենք ընդհուպ մինչև սահմանը փակեցինք, բայց ինչպես տեղեկացանք, հենց Իրանի հետ շփման արդյունքում է եղել, այլ ոչ օրինակ, Վրաստանի, որի սահմանը չէինք փակել: Վերահսկելի է եղել իրավիճակը, բայց ամեն դեպքում կարողացել է վիրուսը ներթափանցել»,-ասաց նա:

Գրում է News-ը։

Ամենաթարմ