ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:
«Հայաստանի եզդի համայնքի սիրելի քույրեր և եղբայրներ,
Այսօր մենք ոգեկոչում ենք վեց տարի առաջ եզդի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցը: Հիրավի, այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, զազրելի հանցագործություն է ընդդեմ մարդկության եւ քաղաքակիրթ աշխարհի: Կիսում ենք ձեր ցավը և անկեղծ զորակցություն հայտնում ձեզ:
Հայաստանի եզդի համայնքին, եզդի բոլոր ընտանիքներին մաղթում եմ տոկունություն ու ոգու արիություն: Որպես սփոփանք միշտ գիտակցեք, որ հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում դուք ունեք ապահով և պաշտպանված ապագա և առաջընթացի լայն ասպարեզ»,- ասված է վարչապետի ուղերձում։


