ՖԻՖԱ-ն իր կայքում հրապարակել է հաշվետվություն ամառային տրանսֆերային պատուհանի վերաբերյալ:
Տղամարդկանց ֆուտբոլն ընդհանուր առմամբ ծախսել է ավելի քան 6,4 միլիարդ դոլար տրանսֆերների վրա, ինչը երբևէ երկրորդ ամենամեծ գրանցված թիվն է (նախորդ մրցաշրջանում այն կազմել է 7,43 միլիարդ դոլար): Բացի այդ, գրանցվել է ավելի քան 10,9 հազար տրանսֆեր, ինչը նոր ռեկորդ է։
Տրանսֆերների վրա ամենաշատը ծախսել են անգլիական ակումբները՝ 1,69 միլիարդ դոլար։ Ամենաշատ մուտքային տրանսֆերները կատարել են նույնպես անգլիական ակումբները (523 խաղացող), որին հաջորդում են բրազիլական (469) և պորտուգալական ակումբները (444)։
Անգլիան խաղացողների վաճառքով նույնպես առաջատարն է (1,25 մլրդ դոլար): Նրան հաջորդում են Ֆրանսիան (756 միլիոն դոլար) և Իսպանիան (556 միլիոն դոլար):