fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ զանգվածային ցույցերը դեռ շարունակվում են

Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ակցիաները: Փարիզում մարտի 20-ի ցույցերի ժամանակ 113 մարդ է ձերբակալվել՝ հայտնել են տեղական լրատվամիջոցները:

Մայրաքաղաքում հավաքները կազմակերպվում են Սեն Լազար կայարանում, Հանրապետության հրապարակում, Բաստիլի հրապարակում և այլ կետերում։ Երիտասարդները կազմում են ցուցարարների մեծամասնությունը։

Ազգային ժողովում կառավարության հանդեպ անվստահություն հայտնելու մասին ընդդիմության երկու բանաձևերի տապալումից հետո, ակցիայի մասնակիցները սկսել են այրել աղբամանները, ապա բախումներ են սկսվել ոստիկանության հետ:

Փարիզից բացի՝ զանգվածային ցույցեր են տեղի ունենում նաև երկրի այլ խոշոր քաղաքներում։

Ֆրանսիայի Ազգային ժողովը երկուշաբթի մերժել է կենսաթոշակային բարեփոխումների պատճառով LIOT ընդդիմադիր խմբի և «Ազգային միավորում» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված անվստահության քվեն: Այսպիսով, կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ աղմկահարույց ծրագիրն ընդունվել է: Փոփոխությունները ենթադրում են մինչև 2030 թվականը տղամարդկանց և կանանց կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան:

Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագծի դեմ բողոքի ակցիաներն ու գործադուլները Ֆրանսիայում չեն դադարում հունվարի կեսերից։

Գործադուլների ֆոնին Փարիզը բախվել է ևս մեկ լուրջ խնդրի՝ աղբահանությամբ զբաղվող մունիցիպալ ձեռնարկությունները հրաժարվում են աշխատել։ Դրա հետևանքով շուրջ 10 օր է՝ Փարիզում աղբը չի հավաքվում: Քաղաքապետարանից հայտնել են, որ մարտի 17-ին փողոցներում աղբի քանակը հասել է 10 հազար տոննայի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ