ԱՄՆ Պետքարտուղարության Մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցի՝ Ադրբեջանի վերաբերյալ մասում ներկայացվում են մարդու իրավունքների բոլոր տեսակի խախտումները, անդրադարձ կա նաև ադրբեջանական զինված ուժերի ռազմական հանցագործություններին։
«Տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի են ունեցել բռնության դեպքեր, որոնք հանգեցրել են զոհերի և ձերբակալությունների։ Տեղեկություններ են եղել, որ սեպտեմբերին ադրբեջանական ուժերը մասնակցել են ապօրինի սպանությունների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հայկական ուժերի նկատմամբ: Ադրբեջանն ու Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել բողոքներ՝ միմյանց մեղադրելով 2020 և 2016 թվականների մարտերի ընթացքում վայրագություններ կատարելու մեջ, սպասում են դատարանի վճռին։ Հայաստանը նոր բողոքներ է ներկայացրել սեպտեմբերյան մարտերի վերաբերյալ»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը չի հետապնդել և չի պատժել այն պաշտոնյաների մեծամասնությանը, որոնց մասին հաղորդվել է, որ թույլ են տվել մարդու իրավունքների խախտումներ և կոռուպցիոն գործողություններ, անպատժելիությունը մնում է խնդիր։ 2020 և 2022 թվականների ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ խախտումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել:
«Նոյեմբերի 14-ին BBC-Ադրբեջանը հաղորդել է Ադրբեջանի «հայրենասիրական ուսումնական ծրագրի» մասին՝ վկայակոչելով փորձագետներին, որոնք մտահոգություն են հայտնել, որ այն կարող է ատելություն սերմանել երիտասարդ ուսանողների շրջանում: Հոդվածում բերված անընդունելի նյութերից էր 6-րդ դասարանցիների համար նախատեսված ադրբեջաներենի դասագիրքը, որը ներառում էր «Փոքրիկ պատանդներ» կոչվող փոքրիկ պատմվածք՝ հետևյալ բովանդակությամբ. «Կատաղած հայերը ժանգոտ աքցանով հանում էին կարդալ ցանկացողների լեզուն, մերկացնում էին ու ծաղրում»։ Հունվարի 30-ին Ադրբեջանի պետական AZERTAC լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նախագահ Ալիևը հայտարարել է․ «Մենք ոչ միայն ազատագրել ենք մեր հողերը, մենք մաքրել ենք տարածաշրջանը, Հարավային Կովկասը այս վայրի ուժերից»»,-ասվում է զեկույցում։
Եվս մեկ մեջբերում է արվում ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի՝ սեպտեմբերի 22-ի զեկույցից, որում ասվում է․ «Ռասայական ատելության հրահրումը և ռասիստական կարծրատիպերի տարածումը հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ, ներառյալ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից, ինչպես նաև նման գործողությունների համար հետաքննության, հետապնդումների, դատապարտումների և պատժամիջոցների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության բացակայությունը»:
Մեջբերվում են նաև 2021 թվականի դեկտեմբերի Արդարադատության միջազգային դատարանի վճիռները, որը ժամանակավոր միջոցներ է ձեռնարկել՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց դեմ գործեր ներկայացնելու՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման համար։ Ադրբեջանի վերաբերյալ վճռում դատարանը բավարարել է Հայաստանի պահանջած միջանկյալ միջոցներից շատերը, այդ թվում՝ որոշումը, որ Ադրբեջանը պետք է 2020 թվականի աշնանային մարտերի ընթացքում կամ դրանից հետո ձերբակալված հայերին պաշտպանի բռնությունից և մարմնական վնասվածքներից ու ապահովի նրանց անվտանգությունն ու օրենքի առաջ հավասարությունը:
Թարգմանությունը՝ factor.am
