Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հայտարարել է, որ Միջերկրական ծովում առկա տարաձայնությունների հարցում Ֆրանսիան աջակցում է Հունաստանին և Կիպրոսի Հանրապետությանը, սակայն դեմ է Թուրքիային: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
«Ֆրանսիան, Էգեյան ծովում և Միջերկրական ծովում լարված իրավիճակները հաղթահարելու համար ցանկանում է սատարել Հունաստանին»,-ասել է Փարլին:
Նրա խոսքով՝ հունվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդիպման ժամանակ ընդգծել են, որ վճռական են տրամադրված երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցում:
Փարլին նաև ասել է, որ եվրոպացի գործընկերների հետ միասին դատապարտում են Թուրքիայի կատարած իրավական խախտումները:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև ստորագրված համաձայնագրի կապակցությամբ և հավելել, որ այդ համաձայնագիրը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը:
Ըստ Փարլիի՝ այդ համաձայնագիրն անհամատեղելի է միջազգային իրավունքի հետ: