Ֆրանսիայում այսօր՝ ապրիլի 10-ին, մեկնարկեցին նախագահական ընտրությունները, որին մասնացում են 12 թեկնածուներ։ Այսօր կայանալու է ընտրությունների առաջին փուլը։
Այս մասին գրում է France24-ը։
Թեկնածուներն ունեն ամենատարբեր քաղաքական հայացքները՝ կոմունիստներից մինչև ծայրահեղ աջ կողմնորոշմամբ թեկնածուներ։
Սակայն գործող նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր մրցակիցը և այս ընտրությունների ֆավորիտը համարվում է «Ազգային միասնություն» կուսկացության առաջնորդ Մարի Լե Պենը։
Ընտրությունների երկրորդ փուլում (կայանալու է ապրիլի 24-ին) հայտնվելու են առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուները ու, ըստ կանխատեսումների, այդ թեկնածուները լինելու են հենց Մակրոնն ու Լե Պենը։
Նշենք, որ վերջինս աջակողմյան ուժի առաջնորդ է և միգրացիային դեմ է հանդես գալիս։
France24-ից հայտնում են, որ նախընտրական զուսպ քարոզարշավի ժամանակ ընտրողներին հուզող հիմնական հարցերը եղել են գնողունակությունն ու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որոնց վերաբերյալ էլ թեկնածուները փորձել են լուծումներ առաջարկել։
Ըստ աղբյուրի՝ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է շուրջ 48,7 միլիոն մարդ, սակայն հարցումների համաձայն ամեն 4-րդ մարդը կարող է չներկայանալ քվեարկությանը։
Հավելենք նաև, որ եթե Մակրոնին հաջողվի վերընտրվել, ապա Ֆրանսիայում դա կլինի առաջին դեպքը՝ 2002 թվականի ընտրություններից հետո, երբ վերընտրվեց Ժակ Շիրակը։