fbpx
Ընտրություններ

«GALLUP International association»-ի տվյալներն արժանահավատ չեն, կա քողարկված պատվիրատու. սոցիոլոգ

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տվյալները մեծ հավանականությամբ գնահատում եմ, ոչ արժանահավատ, ոչ օպերատիվ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու սոցիոլոգ Կարեն Սարգսյանը` հավելելով, որ այդպես չի ասում այն պատճառով, որ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ իր ներկայացրած ուժը խորհրդարանում չի հայտնվելու:

«Զուտ մասնագիտորեն, եթե դու անում ես 1100-անոց հարցում Հայաստանում, դա նշանակում է, որ քո ընտրանքի սխալը կարող է լինել առնվազն 3,5-4 տոկոսը, գուցե նույնիսկ 5` կախված հարցերից: Եթե քեզ մոտ ուսումնասիրված օբյեկտներից կուսակցություններից 11-ից 9-ը քո ընտրանքի սխալից ներքև են, ուրեմն էդ տվյալները դու չպետք է հրապարակես, կամ ստանում ես ոչ պրոֆեսիոնալի պիտակ, կամ քաղաքական տեխնոլոգիայի խաղալիք ես, քո միջոցով հասարակական կարծիք են ստեղծում, դու հետազոտող չես»,-մանրամասնեց Կարեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման տվյալների համաձայն քաղաքական ուժերը կստանան հետևյալ քանակով քվեները. «Իմ քայլը»՝ 69.4 %, ԲՀԿ՝ 5.7%, «Լուսավոր Հայաստան»՝ 3.8 %, «Սասնա ծռեր»՝ 1.4%, ՀՀԿ՝ 1.3%, ՀՅԴ՝ 1.2%, «Մենք»՝ 0.8%, ՕԵԿ՝ 0.4%, ՔՈ՝ 0.3%, «Ազգային առաջընթաց»՝ 0.1%, Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն՝ 0.0%:

Պատգամավորի թեկնածուն անդրադառնալով «Մենք»-ի և մյուս ուժերի վերաբերյալ ցուցանիշին ասաց.

«Մեր էլեկտորատը այնպիսի մարդիկ են, ովքեր հիմնականում աշխատում են, տանը չեն լինում , տնտեսապես ակտիվ են, չեն մասնակցում հարցումներին այս կամ այն պատճառներով:Բացի դրանից, GALLUP-ը հարցումը իրականացրել է նախընտրական պայքարն սկսելուն պես` դեկտեմբերի 1ից 4-ը, օպերատիվ տվյալ չէ: Հարցումը ինքը իրենով երկու մասից է բաղկացած, մեկը, որ հավաքում ես տվյալներ հասարակական կարծիքի մասին, մյուսը՝ հարցման արդյունքները հրապարակելով՝ պատվիրատուն, կամ այն ուժը, որը կանգնած է հարցումն իրականացնող ընկերության հետևում, այդ ուժը փորձում է ձևավորել հասարակական կարծիքը:

Ակնհայտորեն տեղեկատվական դաշտը զավթած «Իմ քայլը» ունի առավելություն, «Սասնա Ծռերը» ունեն առավելություն, որովհետև երկու տարի առաջ հնչեղ գործողություններ են արել և, հետևաբար, իրենց զուտ հայտնվելը ակնհայտորեն հետաքրքրություն է առաջացնում»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում ԼՀԿ-ի ցուցանիշին, ապա Կարեն Սարգսյանն ասաց.

«Չգիտեմ 3-րդ ուժը կլինի, թե չէ, բայց ակնհայտորեն այն, որ Գագիկ Ծառուկյանն ասեց՝ Էդմոն Մարուքյանը պատրաստվում էր իրեն վաճառվել, հետո ճանապարհի կեսից չվաճառվեց, սա շատ ավելի շատ ազդեցություն կարող է ունենալ, քան  մինչ այդ արված հարցումը: Հասկանո՞ւմ եք, ամեն ինչ շատ օպերատիվ է տեղի ունենում, իսկ GALLUP-ը մնացել է նախկին  համակարգի շորշոփի տակ, հիմա դժվար է ասել` ում է սպասարկում, բայց հենց այնպես 1100 հոգանոց հարցում ոչ ոք չի անում, պաշտոնապես չի ասվում, թե ով է հովանավորում, հետևաբար մեկը պետք է լինի, ով քողարկված ֆինանսավորել է և ցանկացել է հասարակական կարծիք ստեղծել իր շուրջ: Եթե չկա հովանավոր, ապա քեզ համար իմաստ չունի փող ծախսես, տաս ուրիշին, նախընտրական ժամանակահատվածում ամենաթանկ  ինֆորմացիան էլեկտորատի վերաբերմունքի մասին տեղեկություններն են»,-նշեց նա:

Կարեն Սարգսյանը կարծում է, որ մարդկանց տեսակետի վրա կարող էր ազդել նաև այն, որ ինչ-որ ուժեր պարբերաբար հայտնվել են Նիկոլ Փաշինյանի թիրախում, նրանց շուրջ ակտիվություն է ստեղծվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ