Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին նախապատրաստվող «Գանձասար-Կապանն» ու «Լոռին» ընկերական հանդիպում կանցկացնեն:
Խաղը կկայանա փետրվարի 9-ին Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է կապանյան թիմի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք` «Գանձասար-Կապանն» այսօր երկկողմ հանդիպում է անցկացրել ու ավարտել կապանյան հավաքը:
Արդեն վաղը` փետրվարի 2-ին, Աշոտ Բարսեղյանի սաները կվերադառնան Երևան, որտեղ կշարունակեն նախապատրաստությունը մինչև փետրվարի 13-ին:
Փետրվարի 13-ին «Գանձասար-Կապանը» կմեկնի Թուրքիա։ Անթալիայում նախատեսված է անցկացնել երկշաբաթյա ուսումնամարզական հավաք, այդ ընթացքում կապանյան ակումբը ստուգողական 4 հանդիպում կանցկացնի և Հայաստան կվերադառնա փետրվարի 27-ին:
«Լոռին» ևս հավաք կանցկացնի Թուրքիայում: Փետրվարի 12-24-ն Արթուր Պետրոսյանը կլինեն Անթալիայում, որտեղ 3-4 ստուգողական հանդիպում կանցկացնեն:
Նշենք` Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում «Լոռին» 19 տուրից հետո 25 միավոր է վաստակել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Գանձասար-Կապանը» 22 միավորով 7-րդ տեղում է:
Գարնանային հատվածի առաջին խաղում «Լոռին» մարտի 3-ին կհյուրընկալվի «Շիրակի» կողմից, իսկ «Գանձասար-Կապանը» մարտի 6-ին Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կընդունի «Ալաշկերտին»:
Հաղորդում է armsport.am-ը։
