ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ գնդապետ Սամվել Ասատրյանը Facebook-ում գրում է.
«Մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը, թե իբրև «ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել», ոչ միայն չափազանց հեռու է իրականությունից, այլև ակնհայտ կեղծիք է և մանիպուլյացիա։ Խստորեն դատապարտում ենք նման գործելաոճը, լրատվամիջոցներին հորդորում ենք «մեզ հասած տեղեկություններով» ոճի՝ բարձր լրագրությանը ոչ հարիր աշխատելաոճ չդրսևորել, մեր քաղաքացիներին էլ խորհուրդ ենք տալիս չհետևել նմանաբնույթ սադրանքներին։ Նաև հայտնում ենք, որ իրավունքի գերակայությունն ապահովելու նպատակով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն արդեն իսկ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրանքով՝ ուսումնասիրելու «Ժամանակ» թերթում հրապարակված «Հրամանին չեն ենթարկվել․ ի՞նչ է ցանկացել անել Օնիկ Գասպարյանը» հոդվածում առկա առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող նյութերը և, հիմքերի հաստատման դեպքում, նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու, որի արդյունքում մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»։