«Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Գավառի քաղաքապետարանի հովանավորությամբ, «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության, Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի, մարզային ու քաղաքային գրադարանների համագործակցությամբ հուլիսի 20-ին Գավառ քաղաքում անցկացվեց «Թաղիքի օր» ցուցահանդես-տոնահանդեսը:
Միջոցառման նպատակն էր հանրությանը ծանոթացնել հայկական թաղիքագործության և մասնավորապես Գավառի տարածաշրջանի մոռացված ավանդույթներին և ներկա զարգացումներին, նպաստել ավանդույթների տարածմանը, ազգային մշակութային արժեքների ճանաչողությանը և վերարժևորմանը, խթանել ժամանակակից դրսևորումները:
Տոնակատարությանը մասնակցում էին Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մարզային և քաղաքային ենթակայության հիմնարկ- ձեռնարկությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, երաժշտական խմբեր: Տարբեր տաղավարներում ցուցադրվեցին Գավառի և հանրապետության այլ բնակավայրերի թաղիքագործության արհեստը ներկայացնող իրերի հավաքածուներ, հնչեցին թաղիքի պատրաստման վերաբերյալ ականատեսների պատմություններ, հեքիաթներ՝ բայազետի բարբառով, ներկայացվեց թաղիքագործության ստեղծման պատմությունն ամբողջությամբ, անցկացվեց թաղիքե իրեր պատրաստելու վարպետաց դասեր: Տոնահանդեսի ընթացքում տեղի ունեցավ նաև քեչա գցելու (թաղիքից գորգ պատրաստելու ) արարողությունը:
«Թաղիքի օր» ցուցահանդես-տոնահանդեսն առավել ազգային դարձրեց ազգային երգի ու պարի «Մասունք» խումբը: Երաժշտական կատարումներով հանդես եկան նաև Գավառ քաղաքում գործող ազգային պարի խմբերը և անհատ կատարողներ: Տոնախմբությունն ուղեկցվեց տարածաշրջանին բնորոշ ուտեստների հյուրասիրությամբ և ցուցահանդես-վաճառքով:
«Հաջորդ տարիներին նախատեսում ենք կազմակերպել և անցկացնել այլ արհեստների օրեր, մասնավորապես կարպետի, գորգի և այլն: Կարծում եմ, որ այսօրվա տոնահանդեսն ունեցավ ուսուցողական նշանակություն և մենք հնարավորություն ունեցանք մոռացված արհեստը վերականգնել և փոխանցել երիտասարդ սերնդին»,- իր խոսքում նշեց նախաձեռնության հեղինակ, «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Լալա Մնեյանը:
Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։