Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
«Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ այդ ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվել են որոշ մտահոգություններ և անհամաձայնություններ, որոնք մանրամասն և բազմակողմանիորեն քննարկվել են կառավարությունում: Ուստի տեղեկացվում է, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ներկա փուլում ձեռնպահ մնալ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու առաջարկության հետագա քննարկումից և այն հանել հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծից», – ասված է նախարարության տարածած հայտարարությունում։