Համաս շարժման «Իզեդդին ալ-Քասամի բրիգադներ» թևը հայտնել է, որ հարված է հասցվել Թել Ավիվին՝ ի պատասխան Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների թիրախավորմանը: Իսրայելական կողմը հայտնում է, որ Գազայի հատվածից Իսրայելի կենտրոնական տարածքների հրթիռակոծության հետևանքով Թել Ավիվի արվարձաններում վեց մարդ է վիրավորվել։
«Ցախալի» տվյալով՝ Իսրայելի բանակը տանկերով ռեյդ է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում՝ նախապատրաստվելով մարտերի հաջորդ փուլերին: Նաև թիրախային հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի զինյալներին:
Իսրայելի բանակը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին:
Հարավային Լիբանանի քաղաքապետարանների միության ղեկավարը հայտնել է, որ Լիբանանի սահմանամերձ բնակավայրերի մեծ մասն ամայացել է իսրայելական բանակի և «Հեզբոլլահի» փոխադարձ հարվածների պատճառով։ Նրա խոսքով՝ ավելի քան 50 հազար մարդ արդեն լքել է տները:
ՄԱԿ-ն ահազանգում է տարածաշրջանում մոտալուտ հումանիտար ճգնաժամի մասին: Պարենի համաշխարհային ծրագիրը նախազգուշացրել է, որ Գազայի հատվածում սննդի և ջրի պաշարները սպառվում են, չկա վառելիք և էլեկտրականություն, բժշկական ծառայությունները կաթվածահար են, իսկ տեղահանվածների համար նախատեսված ապաստարանները՝ ծանրաբեռնված: