Հայաստանում այսօրվանից գազի գինը թանկացավ: Գազի սակագնի բարձրացման մասին 1 ամիս առաջ` մարտի 1-ին կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից` ապրիլի 1-ից։ Գազը այժմ թանկացել է միջինը 4.1 տոկոսով, ռուսական ընկերությունը, մինչդեռ 6 տոկոս թանկացում էր նախատեսում ու միասնական սակագնի սահմանում։
Սակագինը հաստատված է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ։ Ըստ այդ սակագների՝ ՀՀ շարքային սպառողների համար գազի գինն այսօրվանից կբարձրանա 4․7 դրամով՝ 139 դրամի փոխարեն դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են կազմում սոցիալապես անապահով սպառողները, որոնց համար գազի գինը չի փոխվի` ի հաշիվ կառավարության սուբսիդավորման։ Նրանք կշարունակեն վճարել 1խմ–ի դիմաց` 100 դրամ սակագնով։
Արտոնություններից կօգտվեն նաև գյուղատնտեսները, ջերմոցային տնտեսությունները։ Նրանց համար սահմանվել են սեզոնային զեղչեր. ջեռուցման սեզոնին` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը, նրանք 1000 խմ–ի դիմաց կվճարեն 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1խմ–ի դիմաց շուրջ 114 դրամ` ըստ այդ պահի փոխարժեքի)։ Տարվա մնացած ամիսներին կվճարեն ՀՀ շարքային սպառողների պես` 1 խմ–ի դիմաց 143.7 դրամ։
Գյուղատնտեսության ոլորտի վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսությունների համար գազի սակագինն ամբողջ տարին կլինի անփոփոխ` 1000 խմ–ի համար 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (շուրջ 114 դրամ)։
Հայաստանյան այլ տնտեսությունները, այդ թվում` ՋԷԿ–երը ամսական մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար կվճարեն բնակչության համար սահմանված սակագնով` 143.7 դրամ, իսկ 10 000 խորանարդ մետրից ավելի սպառած յուրաքանչյուր 1000 խմ գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (շուրջ 130 դրամ):
Նշենք, որ գազի սակագնի վերանայման ժամկետը` ամեն տարի ապրիլի 1-ը, որոշվել է այն տրամաբանությամբ, որ ապրիլից արդեն Հայաստանում ջեռուցման սեզոնն ավարտվում է։ Այս տարի, սակայն, եղանակը ևս սպառողների կողմից չէ։