Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, թե «սակագնային արգելքները» խոչընդոտում են Ադրբեջանից Հայաստան վառելիքի երկաթուղային տարանցմանը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից հարցում է ստացել՝ Վրաստանի տարածքով վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ Վրացական երկաթուղուն անմիջապես հանձնարարվել է անվճար իրականացնել տվյալ բեռի տեղափոխումը։ Այս որոշման մասին տեղեկացվել են բոլոր պաշտոնական կողմերը։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը շեշտել է, որ երկիրը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական և վստահելի գործընկերը՝ աջակցելով տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հաստատմանը։
Ավելի վաղ ադրբեջանական Minval լրատվամիջոցը հայտնել էր, որ Վրաստանը տարանցման համար պահանջել է 92 դոլար մեկ տոննայի դիմաց, ինչը, ըստ աղբյուրի, չափազանց բարձր գին է։ Սակայն Վրաստանի կառավարությունը որոշել է անվճար իրականացնել տարանցումը՝ ընդգծելով իր նվիրվածությունը տարածաշրջանային համագործակցությանը։
Կարծել, թե հետագայում նույն այդ կերպ կկազմակերպվեն մյուս բեռնափոխադրումները` անհիմն են։ Ներկայումս կարիք է առաջացել միայն Հարավային Կովկասի երկրների հանրություններին հուսադրել նման որոշման հրապարակայնացմամբ։

