«Գերիների փոխանակաման մասով կան ոչ միայն ծրագրեր, այլև ամենօրյա աշխատանք: Բայց այդ աշխատանքը չի կարող որևէ կերպ հաջողել, եթե Ադրբեջանի կողմից չկա ցանկություն այդ ուղղությամբ որևէ կոմպրոմիսի կամ, ինչպես ասում են, մարդկային հարաբերությունների գան», – այսօր ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք ծրագրեր գերիների ու զոհվածների մարմինների փոխանակման ուղղությամբ:
Հովհաննիսյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը 4 անգամ տապալել է հրադադարի առաջարկները, այդ թվում՝ աշխարհի հզոր պետությունների կողմից առաջարկված:
«Ցավոք, ուրիշ բան չենք կարող անել: Մենք ևս տառապում ենք այս հարցով, բայց, ցավոք, աշխատանքները հաջողություն չեն ունենում»,- ավելացրել է Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն ասել է, որ համաճարակի վտանգ կա: Հայկական դիրքերի առջև արդեն 20 և ավելի օր է՝ ադրբեջանական ԶՈւ վարձկանները, այլ պետությունների հատուկ ստորաբաժանումների զինծառայողները, վարձկանները կամ ահաբեկիչները էդպես էլ մնում են բաց երկնքի տակ՝ առաջացնում են լուրջ խնդիրներ։
«Փորձում ենք խնդիրը լուծել ինչ-որ տարբեր ձևերով, որպեսզի համաճարակ չառաջանա, վստահ եմ՝ կոկրետ համաճարակի հարցում կհաջողենք, բայց դիակենրն էդպես մնում են, որովհետև էդ նույն քայլը հրադադարի իրենք չեն էլ անում, որովհետև թքած ունեն իրենց սեփական կորուստների վրա»,- ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ այսօր էլ Հադրութի տարածաշրջանի գյուղերից մեկի հատվածում մեր դիրքերի ուղղությամբ իրենց՝ բավականին մեծաթիվ գրոհը հետ մղելիս, նորից հայկական դիրքերի մոտ թողել են 10-15 դի ու փախուստի դիմել: