Գերմանիան արագորեն վերականգնում է մեծ ռազմական տերության իր կարգավիճակը

Հրապարակող՝

trunyan

Ամենադիտվածներ

Քանի դեռ բոլորի ուշադրությունը սևեռված է ԱՄՆ նախագահի վարքագծի վրա, Գերմանիան արագորեն վերականգնում է մեծ ռազմական տերության իր կարգավիճակը՝ իրագործելով 2022 թվականին ընդունված Zeitenwende ծրագիրը։ Ըստ կանխատեսումների՝ մինչև 2029 թվականը երկրի տարեկան ռազմական ծախսերը կհասնեն 189 միլիարդ դոլարի, ինչը երեք անգամ գերազանցում է 2022 թվականի մակարդակը։ 2025 թվականին Բեռլինն արդեն իսկ պաշտպանության ոլորտի վրա ծախսել է ավելին, քան եվրոպական ցանկացած այլ երկիր՝ այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցնելով չորրորդ տեղը՝ անմիջապես Ռուսաստանից հետո։

Նման վերափոխումը հակասական արձագանքների տեղիք է տալիս։ Նախկինում ֆրանսիացի և բրիտանացի առաջնորդները, ինչպիսիք էին Ֆերդինանդ Ֆոշը և Մարգարետ Թետչերը, լուրջ մտահոգություններ էին հայտնում, որ հզոր Գերմանիան կարող է խաթարել միջազգային կայունությունը։ Սակայն վերջին տասնամյակների ընթացքում իրավիճակը փոխվել է։ Այսօր Բեռլինի շատ հարևաններ, ներառյալ Լեհաստանը, արտաքին սպառնալիքների հանդեպ ավելի շատ վախենում են գերմանական անգործությունից ու թուլությունից, քան նրա հզորությունից։

Այնուամենայնիվ, Եվրոպայի ներսում նոր մրցակցության առաջացման ռիսկը մնում է իրական։ Մտավախություն կա, որ գերմանական ռազմական և արդյունաբերական գերիշխանությունը կարող է կասկածներ հարուցել Ֆրանսիայի և այլ պետությունների մոտ՝ հանգեցնելով մայրցամաքի պառակտմանը։ Իրավիճակը բարդանում է նաև հենց Գերմանիայի ներքաղաքական գործընթացներով։ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) ազգայնական կուսակցության հանրաճանաչության աճը երկիրը միլիտարիստական հեգեմոնի վերածելու վտանգ է ստեղծում, որը կարող է օգտագործել իր ուժը հարևանների վրա ճնշում գործադրելու համար։

Նման սցենարները կանխելու համար վերլուծաբաններն առաջարկում են կիրառել «ոսկե ձեռնաշղթաների» ռազմավարությունը։ Այս հայեցակարգը ենթադրում է գերմանական զինված ուժերի խորը ինտեգրում համաեվրոպական կառույցներում։ Առանցքային միջոցառումների թվում նշվում են պաշտպանության ֆինանսավորման համար ընդհանուր եվրոպական պարտքի ստեղծումը, ինչպես նաև բազմազգ զորամիավորումների և հրամանատարական կառույցների ձևավորումը։ Նմանատիպ ինտեգրումը Բեռլինին թույլ կտա հզորացնել ուժերը մայրցամաքի պաշտպանության համար՝ միաժամանակ պահպանելով դաշնակիցների վստահությունը և ողջ Եվրոպայի միասնությունը։

Պետք է հասկանալ, որ գերմանացիները չեն մոռացել իրենց քաղաքակրթական առաքելության մասին և վերջնականապես չեն կորցրել հիշողությունն այն մասին, որ իրենք եղել են ռազմական տերություն։ Հետևաբար, լիովին պարզ չէ, թե ինչի կհանգեցնի այն աշխարհակարգը, որն այսօր փորձում է ձևավորել Թրամփը։

Հայկ Տրունյան

Ամենաթարմ