Գերմանիայի երեք օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել անվտանգության ծառայության աշխատողների գործադուլի կապակցությամբ, ասված է Շտուտգարտի, Քյոլն/Բոննի և Դյուսելդորֆի օդանավակայանների մամուլի հաղորդագրությունում:
Այսպես, Դյուսելդորֆում չեղարկվել են 570 չվերթներից 350-ը, Քյոլն/Բոննում՝ ավելի քան 130-ը: Շտուտգարտի օդանավակայանում կչեղարկվի շուրջ 500 չվերթ: Չվացուցակի այս փոփոխությունները կվերաբերեն մոտավորապես 110 հազար ուղևորների: Անվտանգության ծառայության աշխատակիցների գործադուլը կտևի մինչև հունվարի 11-ի ժամը 00:00-ն:
Ակցիայի մասնակիցների պահանջն աշխատավարձի բարձրացումն է 20 եվրոյով: Ավելի վաղ բողոքի համանման ակցիաներ են տեղի ունեցել Բեռլինի օդանավակայաններում: