fbpx
Քաղաքականություն

«Գևորգը բառեց է, սպորտսմեն տղա է», – Էդմոն Մարուքյան

Երեկ Հանրայինի եթերում 11 քաղաքական ուժերի հեռուստաբանավեճի ժամանակ հետաքրքիր զրույց ծավալվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև, երբ Մարուքյանը հարց հղեց Ծառուկյանին, թե նրա ինչին է պետք քաղաքականությամբ զբաղվելը:

Զրույցը ծավալվեց այնպես, որ Ծառուկյանը խորհուրդ տվեց Մարուքյանին պաշտպանել իր կուսակիցներին ու իրեն հովանավորողներին: Ապա իր հարցը հղեց Մարուքյանին, թե երբ ինքը պատգամավոր էր ընտրվում, ով է իրեն օգնել: Մարուքյանը պատասխանեց, որ իր հովանավորը ժողովուրդն է, ապա ասաց, թե ով է օգնել իրեն.

«Գնացեք Վանաձոր, հարցրեք»,- ասաց Մարուքյանը:

Ի պատասխան՝ Ծառուկյանն էլ տվեց ոմն Գևորգի անուն:

«Դու Գևորգին ճանաչո՞ւմ ես, թե՞ չէ, որ քո քարոզարշավն էր անում, եկել էր Ծառուկյանի մոտ, ասի՝ թղթերդ պակաս է, ու դու իմ մոտ չեկար»,- ասաց ԲՀԿ առաջնորդը, և այստեղ երկու բանավիճողների ժամանակը սպառվեց:

Ֆեյսբուքյան օգտատերերին շատ հետաքրքրեց՝ ով է ի վերջո Գևորգը:

«Գևորգը բառեց է, սպորտսմեն տղա է՝ Շահինյան ազգանունով: Ինքը ինձ մի քանի անգամ առաջարկել է հանդիպում Ծառուկյանի հետ և ընտրություններից առաջ, և հետո»,- այսօր արդեն պարզաբանում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«2012 թվի ընտրությունների ժամանակ տարբեր ուժերից մարդիկ գալիս էին ասում էին՝ արի գնանք մեր առաջնորդին հանդիպենք, որ իմ համար լավ լինի: ԲՀԿ-ն այն ժամանակ կոալիցիոն ուժ էր, և ես մերժել եմ հանդիպումը բոլորի, այդ թվում ԲՀԿ առաջնորդի հետ: Իմ գրանցումը և ընտրությունների արդյունքները երբ վիճարկում էին, տարբեր քաղաքական միավորներից, այդ թվում ՀՀԿ-ից ինձ առաջարկներ է եղել, և ես մերժել եմ: Ես մերժել եմ, ասել եմ՝ պրոբլեմ չունեմ, ընտրություններն անվավեր ճանաչեք:

Ես ասացի՝ բան չունեմ կորցնելու, մենակ իմ անունն է, որը չեմ կորցնի, ոչ ԲՀԿ մտա, ոչ ՀՀԿ մտա»,- ասում է Մարուքյանը:

Իսկ թե ինչու էր երեկ ԲՀԿ առաջնորդը տալիս Գևորգ անունը, ԼՀԿ ղեկավարին հայտնի չէ, ինչ մնում է Ծառուկյանի ասած «հովանավորներին», Մարուքյանն ասաց.

«Հովանավորներ եթե կան, եթե գիտեր, ուղիղ եթեր էր, թող ասեր ուղիղ եթերում:

2018թ. եթե խոսում ենք Վիկտոր Դալլաքյանի փաստարկներով, դա պատիվ չի բերում ոչ մեկիս»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ