fbpx
Տնտեսություն

Կառավարությունը 3 ընկերությունների արտոնություններ տրամադրեց


Կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 6-ի նիստում որոշ ընկերությունների արտոնություններ տրամադրեց: Հայտնում է news.am-ը:

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԱրմՍանպրոդակտ» ՍՊԸ-ին:Այս ընկերության ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցային տնտեսության կառուցման համար՝ իրականացնելով 42,68 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 700 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 16 մլրդ ՀՀ դրամ, որից 14 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ներդրումային ծրագրի շրջանակում  ընկերությունը նախատեսում է ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ արդեն իսկ վերանորոգած բամբակամանվածքային ֆաբրիկայի շենքում, զբաղվել տեքստիլի արտադրությամբ: Ընկերությունը կարտադրի թել եւ բժշկական բամբակ, կզբաղվի նաև կտորների թափվածքների վերամշակմամբ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ  6 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից բարձրորակ հումք և այլ ապրանքներ ձեռք բերելու համար ներդրում կկատարի շուրջ 4,26 մլրդ ՀՀ դրամի չափով։ Արդյունքում  երեք տարվա ընթացքում կստեղծվի 160 նոր աշխատատեղ` 185 հազ․ ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել  «Ներդրումային ծրագրի շրջանակում «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» որոշման մեջ՝ ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման և հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ