Azat Tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։ Լուսանկարում պատկերված է Ջեննի Վանդա Բարքմանը։
«Ծանոթացեք, սա Ջեննին է։ Ջեննի Վանդա Բարքման։ Առաջին հայացքից այս կախաղանի տեսարանը սարսափազդու է և խղճմտանք է առաջացնում, ցավացնում ոմանց։ Մի պահ մտածում ես, թե ինչպես կարելի է կնոջ հանդեպ նման արարք թույլ տալ։ Ներքուստ միգուցե սկսում ես պաշտպանել նրան։ Ի վերջո, միգուցե միտքդ գա, թե լավ՝ բայց սա ինչ տեղադրելու բան էր այստեղ։ Խրատը կկարդաք հաջորդիվ՝ ներքևում։
Ջեննի Վանդա Բարքման։ Ասեմ՝ Ջեննի Վանդա Բարքմանը, նույն ինքը՝ Գեղեցիկ ուրվականը (Beautiful Specter), գերմանացի ֆոտոմոդել էր, ով իր երիտասարդ տարիները նվիրեց Շտուտհոֆի կանանց համակենտրոնացման ճամբարին, որպես վերակացու։
Այս սարսափելի գեղեցկուհին, ըստ տարբեր աղբյուրների տեղեկությունների, համակենտրոնացման ճամբարում դաժանորեն ծեծի էր ենթարկում բանտարկյալ կանանց՝ սպանելով նրանց, մասնակցում էր գազախցիկներ կանանց և երեխաների ընտրության գործընթացին։
Իհարկե, նա կարծում էր, որ դա անում է հանուն իր Ֆյուրերի, իր ազգի համար, բայց նա նույնիսկ չէր ընկալում, ինչպես միլիոնավոր ֆաշիստներ, սադիստներ, մանիակներ ու հանցագործներ, թե ինչպես են վերածվում հրեշի՝ ընդդեմ մարդկության։
Եվ այդ անգիտակից վիճակը կամ իր ընկալած աշխարհի գիտակցումը, պարզորեն արտահայտել է իր ամենավերջին խոսքում։ Ջեննի Վանդա Բարքմանը կախաղանից առաջ ասել է. «Կյանքն, իրոք, մեծ հաճույք է, իսկ հաճույքը, որպես կանոն, երկար չի տևում»։
Այս քսանչորսամյա սիրասուն հրեշը նույնիսկ վերջին պահին չէր զղջում իր արարքների համար, հակառակը՝ փաստում էր, որ հաճույք է ստացել դրանից։
Վերադառնալով մեր տեղական մարդասպանների ու գողերի տեսակին, որոնք մեծ հաշվով ազգություն չունեն, ուզում եմ ասել, որ իրենք էլ չեն զղջում իրենց որևէ արածի համար և ուզում եմ, որ մեր գործող իշխանությունները սա շատ հստակ ըմբռնեն։ Նրանք իրենց ապրած կյանքը համարում են վայելք և թքած ունեն, նույնիսկ հպարտ են, որ դա արել են մեր քաղաքացիների քրտնքի ու արյան հաշվին։
Հիմա պետք է պատասխանատվության կանչվեն բոլոր հանցագործները։ Նրանք մեծ քանակություն են, նրանց գողոնը մի քանի անգամ ավելի շատ է քան ՀՀ բյուջեն։ Այս ավազակներից ոմանք, իհարկե, կզղջան ինչ-որ պահից, բայց օրենքը պետք է գործի բոլորի համար անխտիր, ինչպես որ հարյուր հազարավորների համար գործել է՝ պատժելու հակամարդկային սադիստներին։ Հա, հիմա չկա մահապատիժ, բայց կա երկար կամ ցմահ դատապարտելու հնարավորություն, միգուցե այն դառնա նաև կարողություն՝ ետ ստանալու համար գոնե թալանը։
Եվ թող նույն հանդգնությամբ, ինչպես որ Ջեննին է ասում՝ հաճույք է ստացել, այնպես էլ տեղի ունենա արդարադատությունը ՀՀ-ում»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4171768742834988?notif_id=1591986998950835¬if_t=feedback_reaction_generic&ref=notif