Փաստաբան Առնոլդ Վարդանյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից իր մուտքը ՀՀ ազգային անվտանգության ծառայության «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) ապօրինաբար խոչընդոտվել է։ Վարդանյանը նշել է, որ ունի իր վստահորդի կողմից տրված գրավոր լիազորագիր, որի հիման վրա ներկայացրել է նրա շահերը նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակներում։ Նա հավելել է, որ հոկտեմբերի 25-ին մուտք է գործել նույն ՔԿՀ, որտեղ մասնակցել է Ղուկասյանին նոր մեղադրանքի առաջադրմանը և հարցաքննությանը՝ ՀՀ Քննչական կոմիտեի ներկայացուցիչների և այլ փաստաբանների մասնակցությամբ։
Ըստ Վարդանյանի՝ հոկտեմբերի 27-ին իր մուտքը ՔԿՀ խոչընդոտվել է՝ պատճառաբանությամբ, որ գոյություն ունի հիմնական և լրացուցիչ գործ, և նա հիմնական գործով ներգրավված չէ։ Սակայն փաստաբանը պնդում է, որ այս պատճառաբանությունն անհիմն է, քանի որ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 25-ին, մուտք է գործել նույն ՔԿՀ՝ նույն գործի շրջանակներում։
Վարդանյանը նշել է, որ այս արգելքը խախտում է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 64-րդ հոդվածները։ Նա նաև ընդգծել է, որ այս իրավիճակը հակասում է միջազգային հանրաճանաչ սկզբունքներին։ Փաստաբանը տեղեկացրել է, որ հրատապ կարգով գրություններ է ուղարկել բոլոր համապատասխան գերատեսչություններին։ Սակայն, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի ներկայացուցչի, ՔԿՀ-ի ներկայացրած պատճառաբանությունը նրանց համար ընդունելի է։
Գյումրիի քաղաքապետի գործը ցույց է տալիս, թե որքան խոցելի են քաղաքական դաշտի այն ներկայացուցիչները, որոնք եղել են նախկին իշխանությունների մաս կամ ասոցացվում են «նախկինների» հետ։ Միաժամանակ նույն այդ գործը ցույց է տալիս, որ ներկա վարչախումբը նույնպես շատ խոցելի է և չի ցանկանում Հայաստանի երկրորդ մեծ քաղաքը ընտրությունների նախաշեմին թողնել իր վերահսկողությունից դուրս։

