fbpx
Խորհրդարան

Գնումների ոլորտի վերաբերյալ քննարկումներ՝ ՀՀ Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ ապրիլի 25-ին մայրաքաղաքի մշակութային օջախների ղեկավարների հետ աշխատանքային քննարկում է կազմակերպել գնումների ոլորտին առնչվող հարցերի շուրջ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հիմնական նպատակն է վեր հանել ոլորտում առկա խնդիրները և փորձել կառավարության հետ համատեղ դրանց տալ օրենսդրական լուծումներ:

Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հավաստմամբ՝ գործող «Գնումների մասին» օրենքը ոչ թե կարգավորում է բնագավառը, այլ միայն ստեղծում է խոչընդոտներ, հաշվի չի առնում ոլորտի առանձնահատկությունները:

Բանախոսը խնդիրներից առանձնացրել է մրցույթ կազմակերպելու գործընթացը, ինչը, ըստ նրա, չի ապահովում որակյալ ապրանքի ձեռքբերում: Օրենքն արգելում է նշել ապրանք արտադրող երկրների և կազմակերպությունների անունները:

Ռուբեն Բաբայանը նշել է, որ օրենքում բացակայում է, «վստահելի գործընկեր» հասկացությունը, առաջարկել է ուսումնասիրել համաշխարհային փորձը: Ըստ նրա` անհրաժեշտ է բեմադրության ծախսերն առանձնացնել և այն սահմանել առաձին տողով, ներկայացումների համար տրամադրել թատրոնի ընդհանուր բյուջեի 30 տոկոսը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատել է, որ գանձապետական համակարգը պետությանը պատկանող դրամական միջոցների սպասարկումն ու համակարգումն իրականացնում է օրենքի դրույթներին համապատասխան: Նրա խոսքով՝ փաստաթուղթը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային հարուստ ու քննություն բռնած փորձը: Նախարարը մեկ կազմակերպությունից գնումների իրականացումը համարել է ռիսկային:

Ֆինանսների նախարարը պատրաստակամություն է հայտնել նեղ մասնագիտական շրջանակում քննարկել առաջարկությունները և գտնել լուծումներ:

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կառավարությունը գնումների ոլորտում իրականացնում է վերահսկողական հստակ գործառույթներ և ապահովում դրա թափանցիկությունը:

Նշվել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումները կլինեն շարունակական:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ