Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը շարժական և անշարժ գույքի հետ միասին գնահատվում է շուրջ 16.5 մլն դոլար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։
Հարցին՝ ինչպես է պետությունը պատրաստվում հյուրանոցը տնօրինել, Նարեկ Բաբյանն ասաց.
«Պետք է քննարկել, կարող են շահավետ տարբերակներ լինել։ Համենայն դեպս, հիմա որոշման ստորագրումից և հանձնման-ընդունման աշխատանքներից հետո դրան զուգահեռ կքննարկվեն առաջարկները՝ թե սակարկությունների միջոցով օտարման և թե հավատարմագրային տալու մրցույթի հնարավորությունները»։
Նրա խոսքով՝ եղել են հյուրանոցը գնելու և վարձակալելու առաջարկներ։
Դիտարկմանը, որ հյուրանոցը պետությանը նվիրելու գործընթացը ձգձգվեց, որովհետև պետք է ստուգվեր օրինականության հարցը, այժմ կարո՞ղ ենք ասել, որ այն Արմեն Ավետիյանի ընտանիքը օրինական էր այն ձեռք բերել, նա արձագանքեց. «Ձեր ձևակերպումն այնքան էլ այդպես չէ, որ ստուգվում էր ձեռքբերման օրինականությունը: Ձգձգման պատճառներ են եղել տարբեր ռիսկերը, որ կարող էին առաջանալ։ Կային գույքը ընդունելու տարբեր միջոցներ՝ ուղղակի գույք, թե որպես ՍՊԸ և այլն։ Ծավալուն աշխատանք էր, իրականացվել է նաև ներքին գույքի գույքագրում, նաև որոշակի քննարկումներ հարկազատման հետ կապված, տարբեր հարցեր են քննարկվել»։
Նա նշեց՝ գույքն օրինական է, այն ձեռք չի բերվել. «Այն կառուցվել է, իսկ թե կառուցման հետ կապված ինչ խնդիրներ կան, մեր տիրույթում չէ»: