Էկո

Գործարկվել է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին բջջային հավելված

Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, գործարկվել է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների մասին տեղեկատվություն պարունակող Red Book of Armenia բջջային հավելվածը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի էջից։

Հավելվածը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցության շրջանակներում։ Այն նախատեսված է iOS կամ Android շարժական օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի (Smartphones) համար։ Հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store- ից և Google Play Store-ից:

Նշվում է, որ Red Book of Armenia բջջային հավելվածն ունի գիտական, էկոկրթական, ճանաչողության բարձրացման նպատակ։

Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների կենսաբանական դասակարգման, թվաքանակի, բնակեցման և տարածման վայրերի, ձևաբանության և այլ տեղեկատվությանը։

Ինտերակտիվ քարտեզը հնարավորություն է տալիս տեսնելու այդ տեսակների տարածվածությունը:

Հավելվածի «Հետադարձ կապ» ինտերակտիվ գործիքը հնարավորություն է տալիս օգտատերին մասնակցություն ունենալ կարմիրգրքյան տեսակների ուսումնասիրությունների և տվյալների հավաքագրման գործընթացին: Դա կարող է իրականացվել դաշտում հայտնաբերված տեսակների լուսանկարների կամ այլ տեղեկատվության փոխանցմամբ։

Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ